ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
  • 2018

  • 2017

  • 2016

    Լևոն Եզեկյան

    Լվով

    Լևոն Եզեկյան

    1941-2016

    Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր,


    Տարածել

    Երևանում 2016 թ․ օգոստոսի 14-ին մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Կորյունի Եզեկյանը:

    Ծնվել է 1941 թ. հունիսի 13-ին Լվովում: Արմատներով Նինոծմիդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է: Նա պատմաբան Ռևիկ Եզեկյանի եղբայրն է։ 1965 թ. ավարտել է ԵՊՀ: 1966-ից՝ ԵՊՀ դասախոս, 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ:

    Ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին («Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը», 1975, «Հրանտ Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր», 1981, «Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն (19-րդ դար)», 1990, «Գեղարվեստական պատկերը Ե. Չարենցի «Ծիածան» ժողովածուում՚, 1982, «Ե. Չարենցի «Տաղարանի» խոսքարվեստը», 1985):

    1990 թ. դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր, 1991 թ. պրոֆեսոր: 1997 թ. ընտրվել է ՌԴ հումանիտար ԳԱ ակադեմիկոս:

    Մահացել է Երևանում:

    Հոգեհանգիստը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ Մարինե եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 17-ին` ժամը 13:00-ին` նույն վայրից:

    Մարգո Մուրադյան

    Ախալցխա

    Մարգարիտա Մուրադյան

    1927-2016

    ՀԽՍՀ ժողովրդական արտիստ


    Տարածել

    2016 թ․ ապրիլի 28-ին մահացել է մեր հայրենակցուհի, անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա Մուրադյանը:

    Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին սեպտեմբերի 9-ին Ախալցխա քաղաքում: Ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի կինն է։ 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի գեղարվեստա - թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

    Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վարպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

    Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել, այլ` ապրել է բեմում, ապրեցնելով նաև իրենով հմայված հանդիսատեսին: Նրա ստեղծագործական վերելքը շարունակվել է անընդմեջ և տարիքի առաջանալուն զուգընթաց շատ սահուն անցում է կատարել ավելի հասուն տարիքի դերերի` միշտ մնալով բեմական, հմայիչ: Նրա մարմնավորած կերպարները իրենց ուրույն տեղն են գրավել հայ թատրոնի հարուստ ու բազմաբովանդակ պատմության մեջ. Անյա` «Բալենու այգի», Դեզդեմոնա` «Օթելլո», Օֆելյա` «Համլետ», Կորդելիա` «Լիր արքա», Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը կանգնած են մեռնում», Նունիկ` «Իմ տունը` քո տունը չէ», Մարգո` «Իրարանցում», Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի զավակները», Շողեր` «Նույն հարկի տակ», Մերի` «Բրոուդի ամրոցը», Ագլայա` «Ապուշը»:

    Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Արահետ» (2005թ.) և այլն:

    Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն):

    Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն մնացել. նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, հետագայում` ՀՀ գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ ընտրվել է շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման:

    Մահացել է Երևանում:

    ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ (Մարգո) Մուրադյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել մայիսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին, ժամը 12:00-14:00-ի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, hուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

    Վարուժան Այվազյան

    Այազմա

    Վարուժան Այվազյան

    1958-2016

    Հայ արձակագիր


    Տարածել

    Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 2016 թ․ փետրվարի 10-ին Երևանում կյանքի 58-րդ տարում վախճանվեց հայ արձակագիր, 1996 թվականից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական - գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:

    Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար (1991-ից), գլխավոր խմբագրի տեղակալ (1993-ից): 2002 թվականից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաև ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը:

    Վ. Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետեւ լույս են տեսել «Ճանճի ամիսը» (1998), «Համեմատական կենսագրություններ» (2004) վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» (2003) մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» (2009) արձակ գործերի, «Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման» (2007) հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:

    «Պատմություն մեծն Կովկասի» վեպը 2009 թվականին (անտիպ, տպագրվել է 2013 թ.) արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

    Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:

    Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել փետրվարի 12-ին ժամը 17:00-ին՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մուշ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 13-ին՝ 13:00-ին, նույնպես «Մուշ» սգո սրահից:

  • 2015

    Գուրգեն Դալիբալթայան

    Մեծ Արագյալ

    Գուրգեն Դալիբալթայան

    1926-2015

    Գեներալ-գնդապետ


    Տարածել

    2015 թ․ սեպտեմբերի 1-ին մահացել է մեր համերկրացի, զինվորական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն

    Ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Վ. Դալիբալթայանի հայրը: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը, 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայում:

    Զինվորական ծառայությունն սկսել է 1947-ից, որպես Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար, 1951-56 թթ. նույն վաշտի հրամանատար, 1956-58 թթ. 73-րդ մեքենայացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար և գումարտակի շտաբի պետ, 1961-63-ին 259-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, 135-րդ մոտոհրաձգային գնդի, գումարտակի հրամանատար, 1963-69 թթ. 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, գնդի հրամանատարի տեղակալ, հրամանատար, ապա դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1969-75 թթ. Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, 1975-80 թթ. Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, 1980-87 թթ. Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով, 1987-91 թթ. եղել է ԽՍՀՄ ԶՈւ պահեստազորում:

    1991 թ. վերադարձել Հայաստան, մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Եղել է ՀՀ Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ, 1991-92 թթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 1992-93 թթ. Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-2006 թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, իսկ 2000-2006 թթ. գլխավոր ռազմական տեսուչ:

    Ղեկավարել է ԼՂ ազատագրման բոլոր ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքները, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման գործողությունները (փետրվար, 1992): Գ. Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ է վավերացվել Շուշիի ազատագրման «Հրազդան» գործողության պլանը, ղեկավարել է Խոջալուի ազատագրման, Շուշի - Լաչին մարդասիրական միջանցքի բացման (մայիս, 1992), Քելբաջարի կրակակետերի վերացման (ապրիլ, 1993) ռազմական գործողությունները:

    Գ. Դալիբալթայանը 1971-ին ստացել է գեներալ-մայորի, 1992-ին` գեներալ-լեյտենանտի, իսկ 1996 թ. գեներալ-գնդապետի զինվորական կոչումները:

    Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. հայ եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով:

    2001 թ. հուլիսի 20-ին Գ. Դալիբալթայանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գ. Դալիբալթայանի անունով:

  • 2014

    Լևոն Խեչոյան

    Բարալեթ

    Լևոն Խեչոյան

    1955-2014

    Արձակագիր, ազատամարտիկ


    Տարածել

    2014 թ․ հունվարի 8-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է արձակագիր, ազատամարտիկ Լևոն Վանիկի Խեչոյանը:

    Հիշեցնենք, որ Խեչոյանը բուժում էր անցնում Գերմանիայում, ինչից հետո բժիշկների խորհրդով նրան վերադարձրել էին հայրենիք:

    Լևոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։

    1983թ. ավարտել է մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

    1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։

    Մասնակցել է Արցախյան պատերազմին։

    1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։

    Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։

    1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաև թարգմանված է ռուսերեն։

    Լևոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն և այլ լեզուներով։

    «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։

    Թաթուլ Բոլորչյան

    Գումբուրդո

    Թաթուլ Բոլորչյան

    1931-2014

    Բանաստեղծ


    Տարածել

    Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, բանաստեղծ Թաթուլ Պողոսի Բոլորչյանը:

    Թաթուլ Բոլորչյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 14-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում:

    1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

    Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով:

    1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003-ին` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող: 2003-ից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում:

    Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի:

    Հեղինակ է բանաստեղծական «Արևի մտերմությունը» (1965), «Սաղարթ» (1970), «Կիսված գիշեր» (1971), «Ամռան լուսաբաց» (1973), «Արմատներ» (1980), «Արմատներ և աստղեր» (1985, ռուսերեն), «Երկնային ծաղիկներ» (1987), «Արմատի կանչը» (1997), «Ծարավ ջրեր» (2000) և «Գույների խաղը» (1976), «Ստի պոչը» (1995), «Ոգու ծաղիկներ» (2003) մանկական ժողովածուների:

    Հոգեհանգիստը` տեղի է ունեցել շաբաթ՝ 22 փետրվարի, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում` ժ. 18.00-ից:

    Հուղարկավորությունը` կիրակի օրը, փետրվարի 23-ին, գրողների միության շենքից` ժ. 14.00-ին:

  • 2013

  • 2012

  • 2011

  • 2010

  • 2009

  • 2008

  • 2007