Մեր քաղաքագետները, պաշտոնյաները և պատգամավորները վերջին տասը տարում երբ անդրադառնում էին Կարս - Ախալքալաք երկաթուղուն,
անպայման նշում էին, որ այն շրջափակելու է Հայաստանը:
Կարծես թե մեր երկիրը վատ է շրջափակված, և հնարավոր է էլ ավելի խստացնել այդ մեկուսացումը: Ասենք՝ չթողնել, որ թռչունները թռչեն - անցնեն Հայաստան - Ադրբեջան կամ Հայաստան - Թուրքիա սահմանի վրայով:
«Շրջափակում» բառը, սակայն, իրոք որ սազում է այդ երկաթուղուն՝ Կարս - Ախալքալաքը մասնակիորեն, բայց շատ աղետալի ձևով շրջափակելու է...
Ռուսաստանը:
Այո, Ռուսաստանը, որը զրկվելու է հարյուր տարուց ավելի ունեցած իր մենաշնորհից՝ Տրանսսիբիրյան երկաթուղով Արևելքն Արևմուտքին կապող միակ ցամաքային ճանապարհից, որը հաջողությամբ մրցակցում էր Սուեզի ջրանցքով անցնող ծովային ուղու հետ:
Մետաքսի ճանապարհի կառուցումը հնարավորություն է տվել ստեղծել Չինաստան - Ղազախստան - Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա - Եվրոպա ուղի, որը շատ ավելի կարճ է, քան Ռուսաստանով անցնողը: Բացի այդ, գաղտնիք չէ, որ Ռուսաստանի երկաթուղիներն աշխարհի ամենաթանկ և ամենադանդաղաշարժ երկաթուղիներից են:
Մի երրորդ խնդիր էլ կա: Տեղի հայ համայնքը Վրաստանի մեծությամբ երրորդ էթնիկ խումբն է (վրացականից և ադրբեջանականից հետո) և Ջավախքի բնակչության մեծ մասն է կազմում: Եվ համայնքը հավակնություններ ունի, որ հայոց լեզուն պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ ստանա գոնե տարածաշրջանային մակարդակում:
Այնպես որ, Արևելքից՝ մասնավորապես, Չինաստանից, Միջին Ասիայից և Հարավային Կովկասից Եվրոպա տարվող բեռներն այլևս պարտավոր չեն լինի տարանցվել ՌԴ տարածքով: Դա մեծ հարված կլինի Ռուսաստանին:
Եվ այդ վտանգից այժմ կարող են փրկել միայն Մետաքսի ճանապարհի որևէ հատվածում ծագած ոչ ստաբիլ վիճակը, հակամարտության առաջացումը կամ պատերազմը:
Հիշեցնենք, որ ժամանակին նաև այդ պատճառով խափանվեց ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը:
Բայց Չինաստանում և Ղազախստանում իրավիճակը կայուն է: Մնում են Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Վերջինիս քրդաբնակ տարածքներում իրավիճակը վերահսկում են բանակն ու անվտանգության ուժերը, որոնց հաջողվել է ճնշել իրենց տարածքում գործող, նաեւ հարևան երկրներից Թուրքիա ներթափանցող քուրդ ապստամբներին:
Հետևաբար, մնում են Ջավախքը և Արցախը՝ հույսը հայերն են, որոնք, հնարավոր է, հերթական անգամ գայթակղվեն ու խաղաքարտին դնեն հայրենիքում ապրելու և ընդհանրապես կենդանի մնալու իրենց իրավունքը:
Հնարավոր է, որ մենք նորից դառնանք մանրադրամ, մեզ չվերաբերող խաղերի զոհ: Եվ դա այն դեպքում, երբ Կարս - Ախալքալաք երկաթուղին, որն ավարտելու է Ռուսաստանի մասնակի շրջափակման գործընթացը … ապաշրջափակելու է Հայաստանը:
Այն ձեռնտու է թե՛ ջավախահայերին, թե՛ հայաստանցիներին: 2007 և 2008 թվականներին ես հայերեն և ռուսերեն լեզուներով մի քանի հոդված եմ տպագրել Caucasustimes.com, Hetq.am եւ Lragir.am ինտերնետային լրատվամիջոցներում՝ ապացուցելով, որ այդ երկաթուղու կառուցման շնորհիվ Հայաստանին հաջողվելու է ճեղքել շրջափակումը:
Նաև պնդել եմ, որ կշահեն Վրաստանը, Հայաստանը, Ջավախքը և Թուրքիան, իսկ Ադրբեջանը կտուժի: Կտուժի կրկնակի, քանի որ հենց Բաքուն էր հիմնականում ֆինանսավորում այդ երկաթուղու կառուցումը:
Այսինքն՝ Բաքուն իր իսկ ձեռքով, իր իսկ միջոցների հաշվին կվերացնի Հայաստանի շրջափակումը: Երևանը երկաթուղային կապ կունենա Եվրոպայի հետ, և մեզ համար փակ կմնան միայն Ռուսաստան տանող երկաթուղիները:
Ինչ կլինի, երբ սկսի գործել Կարս - Ախալքալաքը
Այլևս անհրաժեշտ չի լինի Հայաստանից բեռները երկաթուղով տեղափոխել Բաթումի և Փոթի, այնտեղ բեռնաթափել, բարձել թանկ սակագին ունեցող լաստանավերի վրա, որպեսզի հասցնեն Բուլղարիա, Ռուսաստան կամ Ուկրաինա, հետո նորից բեռնաթափել ու բարձել երկաթուղային վագոններ՝ Եվրոպայի մյուս երկրներ հասցնելու համար:
Այդ բեռները վրացական և թուրքական երկաթուղիներով միանգամից կմտնեն Եվրոպա, և Թուրքիան չի կարող խոչընդոտել դրան, քանի որ, ըստ 1921թ. Կարսի պայմանագրի 17-րդ կետի, «կողմերը պետք է ապահովեն մարդկանց և բեռների ազատ փոխադրումը»:
Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն բեռների, այլ նաև մարդկանց:
Հետեւաբար, հնարավոր կլինի ունենալ, ասենք, Երևան - Բեռլին երթուղով աշխատող մարդատար գնացք կամ վագոն, որը կկցվի այդ ուղղությամբ գնացող որևիցե գնացքի:
Ավելին՝ Թուրքիան, տեսնելով, որ Հայաստանի շրջափակումն արդեն իսկ ճեղքված է, հնարավոր է հասկանա, որ այլևս անիմաստ է փակված պահել Գյումրի - Կարս երկաթուղին: Մոսկվան նույնպես ավելի մեծ շահագրգռվածություն կունենա՝ բարելավելու ցամաքային կապը Հայաստանի հետ …
Կշահեն նաև ջավախահայերը,
քանի որ Ջավախքը կդառնա տրանզիտային տարածք, նույնիսկ՝ խաչմերուկ:
Երկաթուղիների կառուցումը միշտ էլ բերում է տնտեսական օգուտ, և Կարս - Ախալքալաքը բացառություն չի լինի:
Կծաղկի մերձսահմանային առևտուրը, կզարգանա տուրիզմը, որն այսօր չկա, կլինեն ներդրումներ: Այդ փոփոխությունները կնպաստեն ջավախահայ աշխատանքային միգրանտների վերադարձին, որոնք այժմ աշխատում են արտասահմանյան երկրների՝ հիմնականում Ռուսաստանի շինհրապարակներում:
Հայաստանցիների և ջավախահայերի շահերից է բխում չանել այնպիսի գործողություններ, որոնք կսրեն իրավիճակը Ջավախքում կամ Արցախում:
Գրիգոր ԷՄԻՆ - ՏԵՐՅԱՆ
https://www.hraparak.am
Մեկնաբանություններ